Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ջորջ Ֆրիդման. «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում»

21:00 19 Դեկ 2018
Դիտումներ 3658
Ջորջ Ֆրիդման. «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում»

«Scan News»-ը սկսում է ամերիկյան «Stratfor» հետախուզա-վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանի՝ 2007 թվականի հրատարակած՝ «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում» գրքից հատվածների հրապարակումը: 21-րդ դարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարությանը նվիրված Զբիգնև Բժեզինսկու «Ռազմավարական հայացք. Ամերիկան և գլոբալ հզորության ճգնաժամը» աշխատության նման, սա ևս աղերսվում է աշխարհաքաղաքական առաջիկա զարգացումներին ու դրանց հնարավոր հետևանքներին: Մեր դարաշրջանի արտաքին քաղաքականության հայեցակարգի խոշորագույն հիմնադիրների աշխատությունները հատկապես հետաքրքիր են մեր անմիջական հարևանին՝ Թուրքիային վերաբերող ուշագրավ դիտարկումներով:

Ջորջ Ֆրիդմանը ամերիկյան «Stratfor» վերլուծական-հետախուզական կենտրոնը հիմնադրել է 1996 թվականին: Ֆրիդմանը «Ամերիկայի գաղտնի պատերազմը» (2004),«Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում» (2007) և մի շարք գրքերի հեղինակ է:

Ջորջ Ֆրիդման. «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում»

Բնակչությունը

Իսլամական ֆունդամենտալիզմի գաղափարախոսության անկյունաքարերից մեկը, ինչի մասին իր ուղերձներում միշտ խոսում էր Ուսամա բեն Լադենը, ընտանիքի հիմնախնդիրն է և հատկապես՝ հասարակության մեջ կնոջ դերի հարցը: Արևմտյան մշակույթն անհրաժեշտ է համարում բարեփոխել հասարակության մեջ կնոջ ավանդական դերը, ինչին, ի դեպ, ընդդիմանում է ոչ միայն իսլամը, այլև ավանդական կրոնական ուսմունքների մեծ մասը:

Այս բախումն ավելի կսրվի 21-րդ դարում, սակայն առավել կարևոր է այն, որ կատարված փոփոխություններն անխուսափելիորեն իրենց հետևից կբերեն ծնելիության սրընթաց անկում: 

Չի կարելի ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ կդառնա կնոջ դերի փոփոխությունը, բայց հաստատապես կարելի է արձանագրել դրա անշրջելիությունը:

Հաճախ են խոսում այն մասին, որ ծնելության զգալի կրճատումը զարգացած երկրներում կփոխհատուցվի բարձր ծնելիությամբ զարգացող երկրներում: Սակայն դա այդպես չէ: Հակառակը, ծնելիությունն ընկնում է աշխարհի բոլոր երկրներում:

Այսպես, բնակչության հավասարակշռությունը պահելու համար յուրաքանչյուր կին պետք է ծննդաբերի 1-ից 2 երեխա: 1970 թ.-ին միջին ցուցանիշը հավասար էր 4,5-ի: 2000 թ.-ին այն իջավ մինչև 2,7-ի: ՄԱԿ-ի տվյալներով 2050 թ.-ին այդ թիվը կկրճատվի ավելի շատ և կկազմի 2,05: ՄԱԿ-ի մեկ այլ կանխատեսմամբ այս ցուցանիշը կնվազի մինչև 1,6-ի՝ մեկ կնոջ համար:

Աշխարհաքաղաքական նոր բեկվածքներ

Ներկա հարյուրամյակում աշխարհաքաղաքական ճեղքվածքի հիմնական գոտիներ կարող են դառնալ.

  • Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որտեղ Չինաստանն ու Ճապոնիան ավելի ակտիվ կդիմադրեն ԱՄՆ-ի գերիշխանությանը,
  • Արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ Խորհրդային Միության փլուզումից հետո կշարունակվի պայքարը ազդեցության ոլորտների համար,
  • Եվրամիությունը, որը կդիմադրի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի ազդեցության աճին և կսկսի դժվարություններ զգալ իր կազմում տնտեսական տարբեր մակարդակներով մեծ քանակությամբ երկրների ընդգրկման և էթնոկրոնական տարբեր համայնքների թվի մեծացման պատճառով,
  • Իսլամական երկրները, որոնք կարող են միավորվել Թուրքիայի գլխավորությամբ կոալիցիայում,
  • Մեքսիկան, որի դիրքը կնպաստի Հյուսիսային Ամերիկայի երկրների սահմանների քայքայմանը:

Խնդրահարույց գոտիների առկայությունը, անշուշտ, կհանգեցնի բախումների, թեպետ պարտադիր չէ, որ դա լինի ամեն մեկում:

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը զգալի չափով կախված է նավագնացության միջոցով իրականացվող առևտրից՝ ինչպես ներմուծումից, այնպես էլ արտահանումից: Ճապոնիայի տնտեսությունը, որ աշխարհում երկրորդն է իր ծավալով, հիմնված է ռեսուրսների, հատկապես նավթի նեմուծման վրա: Տարածաշրջանի կարևոր խաղացողը՝ Չինաստանը, նունպես դառնում է հանքային ռեսուրսների խոշոր ներմուծող:

Նշված երկրներին, ինչպես նաև Հարավային Կորեային և Թայվանին անհրաժեշտ է մուտք դեպի Խաղաղ օվկիանոս, որը վերահսկում են ԱՄՆ-ի ռազմական ուժերը. սա կարող է բախում առաջացնել:

Միաժամանակ ամերիկյան արտադրողների ուսերին ծանր բեռ է դառնում Ասիայից էժան ապրանքների ներմուծումը: Ասիական ներմուծումից հրաժարվելը, ինչին կարող է դիմել ԱՄՆ-ը, ուժեղ ցնցում կդառնա թե՛ Չինաստանի( որի արտահանման քառորդ մասը գնում է Նահանգներ), թե՛ տարածաշրջանի այլ երկրների համար:

Հեռավորաևելյան պետություններն այժմ անհրաժեշտ ռեսուրսներ չունեն ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական կամ տնտեսական շրջափակումից արդյունավետ պաշտպանվելու համար: Այս երկրների տնտեսական աճի և ռազմական ուժի միջև գոյություն ունեցող անհավասարակշռությունը կբերի նրան, որ Ճապոնիան ու Չինաստանը այս հարյուրամյակի ընթացքում կմեծացնեն ռազմական պոտենցիալը, ինչը, անկասկած, բացասական արձագանք կառաջացնի ԱՄՆ-ի կողմից, որը անհանգսատացած է Խաղաղ օվկիանոսում իր գերիշխանության դեմ սպառնալիքից:

Դիմակայությունը կսրվի Կորեայի և Թայվանի՝ Չինաստանի և Ճապոնիայի կողմն անցնելով , ինչպես նաև ասիական երկրների՝ նավթի գներից կախվածությամբ, ինչը կհանգեցնի ծովային առևտրական ուղիների համար պայքարին:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի սահմանները և դրան համապատասխան նրա ազդեցության ոլորտը զգալիորեն փոքրացան: Արտասահմանյան կազմակերպությունները, ինչպես ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը, կլանեցին նախկին սոցիալիստական բլոկի երկրները Արևելյան Եվրոպայում: ԱՄՆ-ը ձգտեց Վրաստանի, Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի հետ ինտենսիվ հարաբերություններ հաստատել:

Ուկրաինայի՝ ռուսական ազդեցությունից դուրս գալը և նրա ձգտումը դեպի ՆԱՏՕ, ինչի արդյունքն էր նարնջագույն հեղափոխությունը, էական վտանգ են Ռուսաստանի համար, որն այսպիսի իրադրությունում դառնում է բացարձակապես անպաշտպան: Բաց կդառնան սահմանները Բելառուսի հետ և Ռուսաստանի հարավ- արևելքում: Բացի դրանից՝ ՌԴ-ը կարող է կորցնել վերահսկողությունը Կովկասում, և երկրի հարավային սահմանները խոցելի կդառնան:

Ռուսաստանի ներքին շրջանները կդատարկվեն, և պետությունը կկազմաքանդվի՝ վերադառնալով իր միջնադարյան սահմաններին: Սա քաոսի կհանգեցնի Եվրասիայում, ինչին՝ որպես աշխարհում սեփական դիրքերի ամրապնդման միջոցի, միշտ ձգտել է ԱՄՆ-ը:

Այժմ Մոսկվան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ երկրների վրա: Այս ռազմավարությունը ծավալվում է երեք հիմնական ուղղություններով՝ Կենտրոնական Ասիա, Կովկաս և արևմուտք՝ Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպա: Մոտավորապես մինչև 2020 թվականը Ռուսաստանի հիմնական խնդիրն է լինելու ուժերի և ազդեցության վերականգնումը:

Աշխարհաքաղաքական փոփոխություններն անքակտելիորեն կապված են տնտեսականների հետ: Վլադիմիր Պուտինը, էներգետիկ ոլորտները փոխադրելով պետական վերահսկողության տակ, վերակողմնորոշեց դրանք դեպի արտահանում, և էներգակիրների բարձր գներն օգնեցին ռուսաստանյան տնտեսության կայունացմանը: Բացի դրանից՝ արատահանվում են գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը, ածուխ, ոսկի, ադամանդ և այլ ռեսուրսներ: Սրա հետևանքով Ռուսաստանը հնարավորություն է ստանում Եվրոպան որոշակի չափով վերահսկելու՝ տնօրինելով գազի մատակարարումը դեպի այդ տարածաշրջանը:

Ռուսաստանի համար հեռանկարային է Կենտրոնական Ասիայի ուղղությունը: Իսկ Կովկասի իրադրության վերաբերյալ պետք է ասել, որ այն կմնա բարդ:

Բելառուսը, որ նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաքիչն է ենթարկվել քաղաքական և տնտեսական փոփոխությունների, Ռուսաստանի հետ կմտնի սերտ միության մեջ՝ վերջինիս թույլ տալով այդպիսով վերադառնալ նախկին սահմաններին:

Պիրենեյներից մինչև Սանկտ Պետերբուրգ ընկած տարածքում բնական սահմանների բացակայությունը Ռուսաստանին դրդում է շարժվել դեպի արևմուտք, որ իրեն ապահովագրի հնարավոր ներխուժումից: Սա խոցելի է դարձնում Բալթյան երկրների և Լեհաստանի դրությունը:

Միաժամանակ Բալթյան երկրները և Արևելյան Եվրոպայի պետությունները՝ Լեհաստանը, Հունգարիան և Ռումինիան, կընդդիմանան Ռուսասատանի ազդեցության ընդլայնմանը դեպի արևմուտք՝ որպես սեփական անվտանգության դեմ ուղղակի սպառնալիքի: ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ այս երկրները սեփական հիմնախնդիրների լուծման մեջ կներքաշեն ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան:

Հաջորդ տասնամյակում Ռուսաստանը համաշխարհային տերություն չի դառնա, սակայն այն չի կարող չվերածվել տարածաշրջանային խոշոր խաղացողի: Իսկ սա նշանակում է, որ ռուս- եվրոպական սահմանը կդառնա շահերի բախման վայր:

Եվրոպան առաջվա պես շարունակում է ներքին վերակազմավորումը նախորդ հարյուրամյակի երկու աշխարհամարտերից հետո, և մինչ այժմ պարզ չէ՝ կսահմանափակվի այսպիսի վերակազմավորումը միայն խաղաղ միջոցներով: Չնայած շարունակվող ինտեգրացիոն գործընթացներին՝ Եվրոպական միության ներսում պահպանվում է եվրոպական հին ազգայնամոլությունը:

Միաժամանակ Եվրոպան պատերազմներ վարելու ո՛չ ուժ ունի, ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ ցանկություն: Այն իներտ է՝ ընդունակ արձագանքելու միայն արտաքին սպառնալիքին՝ ի դեմս մահմեդական երկրների, կա՛մ Ռուսաստանի:

ՌԴ-ը անմիջական ռազմավարական սպառնալիք է. այն ձգտում է վերականգնել իր ազդեցության ոլորտը նախկին ԽՍՀՄ արեալում: Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաև Բալթյան երկրները դրան կընդդիմանան: Գերմանիայի դիրքորոշումը, որը ձգտում է հանդես գալ որպես միացյալ Եվրոպայի մաս, վատ է կանխատեսվում: Որպես բուֆեր ունենալով արևելաեվրոպական երկրները՝ այն կարող է կենտրոնանալ իր ներքին հիմնախնդիրների վրա: Սակայն դիմակայության մեջ մտնել, չլինելով ուժեղ և լայն կոալիցիայի կազմում, Գերմանիան չի համարձակվի: Այնպիսի երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ֆրանսիան, իրենց հերթին Գերմանիան ընկալում են որպես բուֆերային գոտի Ռուսաստանի դեմ և բալթյան երկրների խոցելիությունը չեն դիտարկում որպես սպառնալիք իրենց շահերի դեմ: Այսպիսով, նրանք շահագրգռված չեն Գերմանիայի հետ կոալիցիա կազմելու հարցում:

Ամենից հավանականն այն է, որ Գերմանիայի անգործությունը և Ամերիկայի՝ եվրոպական գործերին թույլ ներգրավվածությունը կհանգեցնեն Ռուսաստանի ազդեցության աստիճանական աճին Արևելյան Եվրոպայի գոտում:

Կա իրադարձությունների զարգացման մեկ այլ սցենար, ըստ որի՝ Գերմանիան, Բալթյան երկրների վրա ռուսական ճնշման աճը Լեհաստանի, հետևաբար նաև սեփական ազգային անվտանգության համար սպառնալիք համարելով, դիմակայության մեջ կմտնի Ռուսաստանի հետ: Ընդ որում, ամենից հավանական է, որ եվրոպական մյուս երկրները բախումից հեռու կմնան:

Մահմեդական երկրները, որոնք այժմ տևական ճգնաժամի մեջ են, կարող են վաղ ապագայում միավորվել մեկ լիդերի շուրջ: Քիչ հավանական է, որ այդպիսի լիդեր դառնա Ինդոնեզիան, որը, սակայն, աշխարհում մահմեդական ամենամեծ երկիրն է: Պակիստանը՝ մեծությամբ երկրորդ մահմեդական պետությունը, թեև ունի միջուկային պոտենցիալ, բայց ներքին բախումների պատճառով դժվար թե դառնա համաշխարհային խոշոր ուժ:

Լիդերության մյուս երեք հավակնորդները Եգիպտոսը, Թուրքիան և Իրանն են: Դրանցից Թուրքիան ունի տնտեսական ամենամեծ պոտենցիալը:

Իրանի վիճակը ծանրանում է ԱՄՆ-ի հետ այդ երկրի պերմանենտ դիմակայության, սուննիների և հակաիրանական տրամադրություններ ունեցող արաբների պատճառով: Իրանը պատրաստ չէ տարածաշրջանային ուժ դառնալու նաև իր աշխարհագրական դիրքի պատճառով. Աֆղանստանի, Իրաքի և ռուսական ազդեցության առկայության պայմաններում, այն փաստորեն ոչ մի տեղ չի կարող ընդլայնվել:

Եգիպտոսն ավանդաբար արաբական երկրների լիդերն էր, սակայն որոշակի ժամանակահատվածից սկսած՝ այն դիմակայության մեջ է Սաուդյան Արաբիայի հետ: Նրա ամենահավանական ճակատագիրը թուրքական, ամերիկյան կամ ռուսական ազդեցության տակ ընկնելն է:

Իսկ Թուրքիան ունի ժամանակակից տնտեսություն, ռազմավարական աշխարհագրական դիրք Եվրոպայի, Միջին Արևելքի և Ռուսաստանի միջև և դիմակայության մեջ չէ համաշխարհային կարևոր խաղացողներից ոչ մեկի հետ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3567
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3393
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6511
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3303
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3476
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3462
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1592
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ