ՀՅԴ․ «Կառավարության ծրագիրը ներքին հակասություններ ունի»

Քաղաքական 12.02.2019   11:55   111
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ` հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը:

Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի  ժողովրդավարական զարգացման հեռանկարը:

Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:

Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:

Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը:

Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:

Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ  կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք:

Վերը նշված ամփոփ գնահատականների մանրամասներն ու հիմնավորումները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կներկայացնի առանձին հարցազրույցներով և հրապարակումներով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

12.02.2019


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՅԴ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon