ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակի հանդիպումները ՀՀ ղեկավար պաշտոնյաների հետ

Քաղաքական 14.03.2019   09:15   58
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ղեկավար պաշտոնյաների հետ

Հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Արմեն Սարգսյանը Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը՝ որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական կառույցի

Նախագահ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաև որպես երկխոսության, վստահության և համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ:

Նշելով, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարևոր տեղ ունի ԵԱՀԿ օրակարգում՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այստեղ են՝ ճշտելու, թե ինչպես կարող են լավագույնս աջակցել Հայաստանին ստանձնած հանձնառությունների իրականացման, խաղաղության հաստատման գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ:

Հանրապետության նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացման, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Սլովակիայի երկկողմ հարաբերություններին, նշել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում համագործակցության լայն օրակարգ և կարևորել ակտիվ աշխատանքն առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ:

Հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սոլվակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: 

Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման գործում: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել կառույցում Սոլվակիայի նախագահության առաջնահերթությունների առաջմղմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի հետ ակտիվ գործակցությունը կնպաստի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմագրավելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: Նա անդրադարձ է կատարել խաղաղության գործընթացի շրջանակներում նախատեսվող առաջիկա քայլերին:

Կողմերը կարևորել են խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման, մարդկանց միջև շփումների խթանման, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:

Հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս օրակարգին: Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու ԵԱՀԿ ԽՎ առաքելություններին 2018 թ. դեկտեմբերին մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդության իրականացման և տրված անաչառ գնահատականների համար՝ մեջբերելով ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող և ղեկավար, սլովակ պատգամավոր Պիտեր Օսուսկինի հնչեցրած գնահատականն ընտրությունների վերաբերյալ, ով դրանք մասնավորապես որակել էր որպես «հայկական հրաշք»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափի ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ստանձնում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրելու հանձնառությունը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տանել նաև փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, ակտիվացնել շփումները հասարակության տարբեր շերտերի միջև: Այս համատեքստում նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող գործոն:

Ազգային ժողովի նախագահը նշել է՝ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է և խաղաղության հաստատման հարցում կարևոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը: Նրա խոսքով` Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաև ադրբեջանական կողմից: Որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանն իր դրական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ պետք է շարունակաբար ավելացնել և՛ Մինսկի խմբի համանախագահների, և՛ փորձագետների այցերն Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընտրական բարեփոխումների գործընթացին, միջազգային խորհրդարանական հարթակներում օրենսդիրների հաճախակի շփումներին ու փորձի փոխանակմանը:

Անդրադառնալով հայ-սլովակական երկկողմ հարաբերություններին՝ կողմերն ընդգծել են դրանց խորացման մեծ ներուժը, ինչին մեծապես կնպաստի նաև Հայաստանում Սլովակիայի դեսպանության սպասվող հիմնումը:

Հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունել է Միրոսլավ Լայչակի այցը Երևան՝ այն կարևոր համարելով հատկապես այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում ԵԱՀԿ ներկայացվածությունը Հարավային Կովկասում հասցվել է նվազագույնի: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին և համագործակցելու բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ օրակարգի հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին համագործակցության ոգով դիմագրավելու կարևորությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս առումով երկուստեք կարևորվել է ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը:

Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սլավակյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, քաղաքական երկխոսության առավել ընդյալնման ուղղությամբ համատեղ գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում դեսպանություն բացելու Սլովակիայի որոշումը: Երկուստեք ընդգծվել է, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը:

Հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը։ Այդ մասին լրագրողներին հանդիպումից հետո հայտնել է Մասիս Մայիլյանը։

Պատասխանելով Ադրբեջանի խոշորամասշտաբ չհայտարարված վարժանքների վերաբերյալ Միրոսլավ Լայչակի գնահատականի մասին հարցին՝ Մայիլյանն ասել է, որ վարժանքների հարցն անմիջականորեն չի քննարկվել։ «Մենք խոսել ենք առաջին գծում իրավիճակի մասին»,- պարզաբանել է նա։

Մասիս Մայիլյանը դրական է գնահատել իրավիճակը Դուշանբեի հանդիպումից հետո, սակայն ընդգծել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ միջադեպերի հետաքնության մեխանիզմների ստեղծումը և վերահսկողությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ կրկնել են այն սկզբունքներն ու տարրերը, որոնց մասին շատ տարիներ է խոսվել, հայտարարել է Մասիս Մայիլյանը։

«Ուղղակի տարվա ընթացքում դրանց մասին չէին հիշեցրել և մի քիչ մոռացել էին։ Նրանք արտահայտել են իրենց կարծիքը, ասել են, որ առաջարկությունը դեռևս բանակցային սեղանին է։ Մեր մոտեցումն այսպիսին է՝ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և պետք են նոր իրատեսական առաջարկություններ։ Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը, մենք կարող ենք որոշ առաջընթաց ակնկալել։ Սակայն հին մոտեցումների և բանակցություններում Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։

Թե ինչ նկատի ունի ինքը հին սկզբունքներ ասելով, արդյոք Մադրիդյան սկզբունքնե՞րը, նախարարը պատասխանել է, թե նկատի ունի այն, որ «սկզբունքները ու վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են և պետք է վերանայվեն»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված երեք սկզբունքներին և վեց տարրերին, և նրան, թե ընդունելի է համարում արդյոք Ստեփանակերտը դրանք, Մայիլյանն նշել է, որ «Փաշինյանն իր ելույթում ասել է դրանց հստակեցման անհրաժեշտության մասին։ Մենք դրա հետ համաձայն ենք։ Սակայն մենք նաև խոսում ենք վերանայման անհրաժեշտության մասին»։ Ի պատասխան այն հարցին, թե ինչն է հատկապես անհրաժեշտ վերանայել, նախարաը կատակել է․ «Դա դիսերտացիայի թեմա է»։

Նախկին իշխանություններն ասում են, թե Արցախը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կխափանի բանակցային գործընթացը և վտանգավոր է։

Արցախի ԱԳՆ ղեկավարը չի կիսում այն կարծիքը, որ ձևաչափի փոփոխությունը կարող է խափանել բանակցային գործընթացը։ «Հայաստանի նոր իշխանությունները, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում։ Նրանք հայտարարել են, որ կմասնակցեն հանդիպումներին, քանի որ առանց Արցախի բանակցությունները լիարժեք չեն կարող լինել։ Հայաստանն Արցախի մասնակցությունը որպես պայման չի դնում, այլ ասում է, որ կխոսի իր անունից։ Կարծում եմ՝ դա ճիշտ կառուցողական մոտեցում է։ Իսկ հիշատակված մտավախությունները ավելի շուտ ներքին շահարկումների շարքից են»,- պատասխանել է Մայիլյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԵԱՀԿ, Զոհրաբ Մնացականյան, Արարատ Միրզոյան, Միրոսլավ Լայչակ, ԼՂՀ խաղաղություն, Անջեյ Կասպրչիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon